Մատչելիության հղումներ

Իսրայելի և Իրանի միջև հրադադարը դեռ փխրուն է, Թրամփը դժգոհեց Իսրայելից

Լրացված

Իսրայել - Իրանի հարվածների հետևանքները Բեեր Շևայում, 24-ը հունիսի, 2025թ.
Իսրայել - Իրանի հարվածների հետևանքները Բեեր Շևայում, 24-ը հունիսի, 2025թ.

Միացյալ Նահանգների նախագահը քննադատել է Իսրայելին և Իրանին՝ այսօր առավոտից ուժի մեջ մտած հրադադարը խախտելու համար: Դոնալդ Թրամփն ասել է, թե դժգոհ է Իսրայելից, որ խախտել է հրադադարը այն բանի համար, որ Իրանը մեկ հրթիռ է արձակել հրադադարի ուժի մեջ մտնելուց քիչ անց, որը նույնիսկ չի էլ հասել իր թիրախին: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Իսրայելի պատասխանը շատ ուժեղ էր:

«Նրանք երկուսն էլ խախտեցին հրադադարը։ Բայց Իսրայելը նույնպես խախտեց այն։ Գործարքը կնքելուց անմիջապես հետո Իսրայելը նետեց այնպիսի ռումբեր, ինչպիսիք երբեք չեմ տեսել … Ես դժգոհ եմ Իսրայելից», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը կրկնել է, որ չի ցանկանում Իրանում վարչակազմի փոփոխություն, քանզի դա սովորաբար քաոսի է վերածվում, նաև հայտնել է, որ իրեն զանգահարել է Ռուսաստանի նախագահն ու օգնություն առաջարկել Իրանի հարցում:

Մինչ այդ էլ նա սոցցանցում Իսրայելին կոչ էր արել պահպանել հրադադարը: Ավելի ուշ արած մեկ այլ գրառմամբ էլ Սպիտակ տան ղեկավարը վստահեցրել էր, թե հրադադարն ուժի մեջ է, և Իսրայելը չի հարվածի Իրանին, ոչ ոք չի տուժի:

Իրանը հերքել է, թե խախտել է հրադադարը՝ պնդելով, որ հարվածը եղել է հրադադարից առաջ: Ըստ իրանական լրատվամիջոցների, ի պատասխան Իսրայելը հարվածել է Թեհրանին՝ ոչնչացնելով ռադարային կայանք, նաև հյուսիսային Մազանդարան նահանգի երկու քաղաքի: Իրանն, իր հերթին, զգուշացրել է, որ ցանկացած հետագա ագրեսիա կոշտ պատասխանի կարժանանա:

Իսրայելը հաստատել է, որ հրադադարից հետո հարվածել է Թեհրանում գտնվող ռադարային կայանքի, նաև ևս երկու այլ հարված հասցրել: Սակայն, ըստ կառավարության հաղորդագրության, ԱՄՆ նախագահի հետ վարչապետ Բենյամին Նեթանյահուի հեռախոսազրույցից հետո Իսրայելը ձեռնպահ է մնացել հարվածներից:

Իրանի և Իսրայլի միջև 12 օր տևած պատերազմից հետո Կատարի միջնորդությամբ hրադադարն ուժի մեջ էր մտել այսօր առավոտյան՝ ժամեր անց այն բանից հետո, երբ Իրանը երեկ հրթիռներ արձակեց Կատարում ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ՝ ի պատասխան նախորդ օրն Իրանի միջուկային գլխավոր օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածների:

Դոնալդ Թրամփը կողմերին խնդրել էր պահպանել հրադադարը՝ նշելով, որ դրանից շահում են բոլորը, իսկ Իրանին ու Իսրայելին տևական խաղաղություն, անսահման հնարավորություններ և բարեկեցություն է սպասում, եթե չշեղվեն «արդարության և ճշմարտության» ճանապարհից։

Իսրայելի կառավարությունը հայտարարեց, որ հրադադարի առաջարկին համաձայնեց, երբ հասավ իր նպատակին՝ վերացնելով Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի սպառնալիքը: Բանակի խոսնակ Էֆի Դեֆրինն էլ ասաց, որ նույնիսկ հրադադարի հաստատումից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերը մարտական բարձր պատրաստության վիճակում են՝ սպառնալիքները վերացնելու և անհրաժեշտության դեպքում արագ հակահարված տալու համար:

«Այսօր առավոտյան կարելի է ասել, որ Իսրայելի Պաշտպանության բանակը լիովին իրագործել է «Խոյացող առյուծ» գործողության ընթացքում սահմանված բոլոր նպատակները», - հայտարարեց Դեֆրինը:

Մինչդեռ Իրանից հակասական տեղեկություններ էին ստացվում հրադադարի վերաբերյալ: Իրանական հեռուստաալիքները հաղորդում էին, որ այն ուժի մեջ է մտել, արտգործնախարարն էլ ասել էր, թե մտադիր չեն շարունակել պատասխան հարվածները, եթե Իսրայելը դադարեցնի կրակը։ Աբբաս Արաղչին նաև ասել էր, որ հրադադարի շուրջ «համաձայնություն» չկա՝ ակնարկելով, որ Իրանի վերջնական որոշումը կախված է Իսրայելի գործողություններից։

Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ ողջունել է Իրանի և Իսրայելի միջև հրադադարը:

«Եթե իսկապես հնարավոր է եղել հրադադարի հասնել, ապա դա կարելի է միայն ողջունել։ Սա այն է, ինչին Ռուսաստանի Դաշնությունը կոչ է արել այս հակամարտության հենց սկզբից», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Այս ֆոնին ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը առանց ամերիկացի որևէ զոհի: Ջեյ Դի Վենսը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի երկխոսությունը թե՛ Իրանի, թե՛ Իսրայելի հետ: ԱՄՆ փոխնախագահը նաև հույս է հայտնել, որ Իրանը չի փորձի վերսկսել իր միջուկային ծրագիրը:

«Մեկ շաբաթ առաջ Իրանը շատ մոտ էր միջուկային զենք ունենալուն։ Հիմա Իրանն անկարող է միջուկային զենք ստեղծել իր ունեցած սարքավորումներով, քանի որ մենք դրանք ոչնչացրել ենք։ Սա շատ, շատ կարևոր է», - հայտարարել է Վենսը:

Այս ընթացքում Իսրայելի օդային տարածքը դեռ փակ է, բանակը հայտարարել է, որ վտանգի ռիսկը դեռ առկա է: Կատարը և Ծոցի մի քանի երկրներ բացել են իրենց օդային տարածքը, որ փակել էին երեկ Իրանի հարվածներից առաջ:


XS
SM
MD
LG