Մատչելիության հղումներ

Իսրայելը հայտարարում է Իրանի կողմից հրադադարի խախտման մասին, Թեհրանը հերքում է

Իսրայել-Իրան հակամարտության 12-րդ օրն է:

Իսրայելը հաստատում է, որ համաձայնել է Իրանի հետ երկկողմ հրադադարի ԱՄՆ առաջարկին, բայց «ուժեղ կարձագանքի» հրադադարի ցանկացած խախտման։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել է՝ «այս պահին հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ «համաձայնություն» չկա»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ համաձայնության մասին:

Այսօր առավոտյան Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի վրա։ Բեեր Շևայում իրանական բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով կան զոհեր:

21:03

ԱՄՆ նախագահը Իսրայելին հորդորել է դադարեցնել հարվածներն Իրանի ուղղությամբ՝ զգուշացնելով, որ դա կբերի «իրավիճակի զանգվածային սրման»։

«Մի՛ նետեք այդ ռումբերը։ Տուն վերադարձրե՛ք օդաչուներին», - Truth Social-ում գրել է Դոնալդ Թրամփը։

Գրառումից րոպեներ առաջ էլ նա լրագրողների հետ զրույցում ընդունել է, որ և՛ Իրանը, և՛ Իսրայելը խախտել են իր կողմից այսօր առավոտյան հայտարարված հրադադարը։ Թրամփն ասել է, որ «դժգոհ» է երկու երկրներից, բայց հատկապես՝ Իսրայելից։

18:44

Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը չի խախտի հրադադարը, եթե Իսրայելը դա չանի։

Ըստ պետական «Նուրնյուս» գործակալության, Մասուդ Փեզեշքիանը նաև պնդել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցել, միաժամանակ՝ պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքները բանակցությունների սեղանի շուրջ։

16:39

Իրանը հերքել է հրադադարը խախտելու վերաբերյալ Իսրայելի պնդումը:

Իսրայելի Կացի հայտարարությունից հետո ԱՄՆ նախագահը սոցցանցում դիմել է Իսրայելին, որպեսզի չխախտեն հրադադարը: «Մի՛ գցեք այդ ռումբերը։ Եթե դա անեք, դա լուրջ խախտում է։ Ձեր օդաչուներին տուն բերեք, հիմա՛», - գրել է Դոնալդ Թրամփը։


14:37

Իրանը հայտարարում է, թե Կատարում ամերիկյան ռազմակայանի վրա իրականացված երեկվա հարձակումն այդ երկրի հետ «կապ չունի» և իրագործվել է բացառապես «ինքնապաշտպանության» նպատակներով։

«Իրանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ իր բարիդրացիական քաղաքականությանը Կատարի և հարևան մյուս երկրների նկատմամբ», - X-ում գրել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։

Կատարի վարչապետը էլ այսօր հայտարարել է, որ Իրանի հրթիռային հարվածներն «անընդունելի» էին՝ «հատկապես այն դեպքում, երբ Դոհան մեծ դիվանագիտական ջանքեր է գործադրում իրավիճակը լիցքաթափելու համար»։

Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ ալ-Թանին միաժամանակ հույս է հայտնել, որ Ծոցի երկրների միջև թշնամական գործողություններ այլևս չեն լինի։

14:16

Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է ողջունում Իրանի և Իսրայելի միջև հրադադարը:

«Եթե իսկապես հնարավոր է եղել հրադադարի հասնել, ապա դա կարելի է միայն ողջունել։ Սա այն է, ինչին Ռուսաստանի Դաշնությունը կոչ է արել այս հակամարտության հենց սկզբից», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նախօրեին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել էր Մոսկվա՝ Թեհրանի դաշնակից Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների։

Պուտինը հանդիպումից հետո խոստացել էր օգնել «իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելու» հարցում։ Առայժմ, սակայն, չկա որևէ հաղորդագրություն, որ Ռուսաստանը ներգրավված է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած հրադադարին հասնելու դիվանագիտական գործընթացում։

13:13

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հրամայել է զինված ուժերին արձագանքել, ինչպես ինքն է ձևակերպել, «Իրանի կողմից հրադադարի համաձայնագրի խախտմանը»։

«Հաշվի առնելով Միացյալ Նահանգների նախագահի կողմից հայտարարված հրադադարի ակնհայտ խախտումը՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու միջոցով, և համաձայն Իսրայելի կառավարության՝ ցանկացած խախտման ուժային արձագանքելու քաղաքականության, ես հրամայել եմ [Իսրայելի պաշտպանության ուժերին]... շարունակել Թեհրանում ռեժիմի օբյեկտների և ահաբեկչական ենթակառուցվածքների դեմ ուղղված բարձր ինտենսիվության գործողությունները», - Telegram-ում գրել է Իսրայել Կացը։

12:09

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արձակման մասին, տեղեկացնում է Time of Israel-ը։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարել է, որ համաձայնվել է Իրանի հետ երկկողմ հրադադարի ԱՄՆ առաջարկին։

Պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է, որ ինքը հրահանգել է Իսրայելի պաշտպանության բանակին «ուժեղ արձագանքել Իրանի կողմից հրադադարի խախտմանը»։

11:24

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունել է հրադադարի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:

«Եթե այս հրադադարը հաջողվի Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի վճռական ռազմական հարվածներից հետո, դա շատ դրական զարգացում կլինի», - X-ի իր էջում գրել է Մերցը։

10:56

Իսրայելը հաստատում է՝ համաձայնել է Իրանի հետ երկկողմ հրադադարի ԱՄՆ առաջարկին

Իսրայելը հաստատում է, որ համաձայնել է Իրանի հետ երկկողմ հրադադարի ԱՄՆ առաջարկին, բայց «ուժեղ կարձագանքի» հրադադարի ցանկացած խախտման։

Time of Israel-ի փոխանցմամբ՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարության մեջ նշում է, որ վարչապետը հանդիպել է պաշտպանության նախարարի, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետի և Մոսադի ղեկավարի հետ՝ «տեղեկացնելու համար, որ Իսրայելը հասել է «Առյուծի վերելք» գործողության բոլոր նպատակներին և շատ ավելին»։

«Իսրայելը վերացրել է կրկնակի անմիջական գոյության սպառնալիքը՝ թե՛ միջուկային, թե՛ բալիստիկ հրթիռների ոլորտներում», - ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին «ցուցաբերած աջակցության և իրանական միջուկային սպառնալիքի վերացմանը մասնակցության համար»:

«Գործողության նպատակների իրականացման լույսի ներքո և նախագահ Թրամփի հետ լիովին համաձայնեցված՝ Իսրայելը համաձայնել է նախագահի երկկողմ հրադադարի առաջարկին», - ասվում է վարչապետի հայտարարությունում՝ հավելելով, որ Իսրայելը «ուժեղ կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման»։

09:32

«Հրադադարն այժմ ուժի մեջ է։ Խնդրում եմ չխախտել այն», - Truth social հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG