«Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանին այսօր «Արմավիր» բանտից տեղափոխել են Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան։
Ի՞նչն է պատճառը, որ հինգ օր անց գործարարին տեղափոխել են «Երևան» կենտրոն քրեակատարողական հիմնարկ, Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակն ասաց. «Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ տեղափոխել են»:
Խոսնակն այլ մանրամասներ չհայտնեց։ Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբն էլ դեռ որևէ հայտարարություն չի արել։ Կարապետյանը կալանավորվեց հունիսի 19-ին ու տեղափոխվեց «Արմավիր» բանտ։ Նրա նկատմամբ խիստ ռեժիմ է կիրառվել, սահմանափակված էին տեսակցությունները։ Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու, կառավարությանը տիրանալու հրապարակային կոչերի համար։
Նա վարչապետի թիրախում հայտնվեց հունիսի 18-ին՝ Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելուց ժամեր անց։ Փաշինյանը վիրավորական գրառմամբ սպառնաց ընդմիշտ պասիվացնել հոգևորականների ակտիվացած բարեգործներին, ու դրանից հետո ոստիկանները գնացին Կարապետյանի առանձնատուն: Նրան ձերբակալեցին, իսկ հետ կալանավորեցին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էՊաշտպանական խմբից Արամ Վարդևանյանն «Ազատության» հետ զրույցում պնդել է՝ կատարվողը քաղաքական հետապնդում է՝ իրավապահներն առաջնորդվել են վարչապետի ֆեյսբուքյան գրառումներով։
Գործարարի պաշտպանական խումբը կալանքի որոշումը դեռ չի բողոքարկել: Դիմել էին Վերաքննիչ դատարան, բայց մեկ օր անց դիմումը հետ վերցրել, երբ հայտնի դարձավ՝ գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին: Փաստաբանները հայտարարեցին, որ չեն վստահում դատավորին, նրանց խոսքով՝ նա ցածր վարկանիշ ունի և քաղաքական որոշումներ կայացնողի համբավ: Պաշտպանական խումբը հնարավոր է՝ կալանքի որոշումը բողոքարկի Եվրադատարանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պայքարելու ենք». Սամվել Կարապետյանը բանտից ուղերձ է հեղելԱնազատության մեջ գտնվող միլիարդատերը կալանավայրից ակտիվ քաղաքական ուղերձներ է հղում, վերլուծում իշխանության գործունեության հետևանքները։ Այսօրվա նամակում էլ գործարարն անդրադարձել է խորհրդարանի իշխող խմբակցության վարքագծին։
«Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի, Ազգային ժողովը վերածվեց ձեռնամարտի մի մեծ ռինգի: Չդիմանալով օբյեկտիվ քննադատություններին՝ փոքրիկ խմբակը, չունենալով ոչ մի պատասխան, ժամանակ առ ժամանակ նետվում է ձեռնամարտի կանանց: Ուզում եմ պարզաբանել, թե ինչը կամ ովքեր են այդ փոքրիկ խմբակը՝ ՔՊ-ի այն անդաստիարակ, հարգանք չունեցող թևն է, որը նվազագույն ակնարկից պատրաստ է հոշոտել երկրի բոլոր արժեքները, նսեմացնել բոլոր սրբությունները: Վստահ եմ, որ այդ խմբակի մեջ էլ կան պարկեշտ անձնավորությունները, որոնց համար ևս այս ամենը, մեղմ ասած, զզվելի, տհաճ է: Նրանց խորհուրդ եմ տալիս չվախենալ, չմոռոնալ պարզ մարդկային արժեքները, չդառնալ հայ ազգի նզովյալները: Շուտով մենք միասին ներքին համերաշխություն ենք ունենալու»,- գրել է Կարապետյանը։
Սամվել Կարապետյանի ուղերձները ավարտվում են «պայքարելու ենք» կոչով։ Իշխանամերձ շրջանակները ռուսաստանաբնակ գործարին համարում են «Կրեմլի պրոյեկտ», Հայաստանում իշխանափոխության հնարավոր խողովակ: Այս մեկնաբանությունները գործարարի եղբոր որդին, «Տաշիր» խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանն «Ազատության» հետ զրույցում մանիպուլացիա է որակել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարապետյանի հայտարարությունից մեկ շաբաթ անց վարչապետը հայտարարում է՝ ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ էՍամվել Կարապետյանն ուղերձներից բացի, գործնական քայլեր էլ է անում։ Նրա նախաձեռնությամբ փաստաբանական խմբեր են ստեղծվել, որ անվճար աջակցեն այն մարդկանց, որոնք ապօրինի քրեական հետապնդման ու անարդարության զոհ են։