Գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հետ է վերցրել վերաքննիչ բողոքը: Նրանք չեն վստահում դատավորին, ում մակագրվել է գործը:
«Նույնիսկ աբսուրդն էլ է մեղմ հնչում, որպես քրեական գործ շինծու է, ակնհայտ ապօրինի է, դրանով իսկ համապատասխանում է քաղաքական հետապնդման միջազգային չափանիշներին: Եվ մակագրվել է ո՞ւմ, Արմեն Դանիելյանին» - ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:
Այս դատավորը պետք է որոշեր՝ Սամվել Կարապետյանը մնա՞ անազատության մեջ, թե՞ ոչ: Դատավորի ընտրությունը նշանակում է որոշումը կանխորոշված է, պնդում է փաստաբանը:
«Քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր գործերով կամ այսպես ասած աղմկահարույց բոլոր գործերով վերջինիս որոշումները միշտ համընկնում են դատախազների հետ: Հիմա եկեք վերլուծենք, ստացվում է 24 ժամում գործը հասնում է վերաքննիչ քրեական դատարան ու մակագրվում է մի դատավորի, ով նաև ԲԴԽ անդամ է, ում մակագրվելու հավանականությունը 5 տոկոսը չի կարող գերազանցել», - ընդգծեց Վարդևանյանը:
Ռուսաստանաբնակ գործարարի փաստաբանական խումբը կդիմի միջազգային ատյաններ: Այս պահին դեռ փակագծեր չեն բացում:
«Հերիք չի քրեական հետապնդում են հարուցել առանց նվազագույն հիմքի, առանց նվազագույն առիթի, մի հատ էլ կալանքի միջնորդություն են ներկայացրել, ու անձը ներկայումս գտնվում է քրեակատարողական հիմնարկում», - ասաց փաստաբանը:
«Տաշիր գրուպ»-ի սեփականատերը բանտում հայտնվեց Հայ առաքելական եկեղեցին պաշտպանելուց հետո: Վարչապետ Փաշինյանը սպառնալից արձագանքեց թե՝ «պոռնկաբարո հոգևորակնների պոռնկաաբոր «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։
Փաշինյանի գրառումից հետո իրավապահները գործի անցան, գործարարի տունը խուզարկեցին, իսկ հետո նրան կալանավորեցին: Մեղադրում են իշխանությունը զավթելու, կառավարությանը տիրանալու կոչերի համար: Սամվել Կարապետյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկում է, անգամ տեսակցություններն են սահմանափակել:
«Տեսակցությունները սահմանափակել են, ինչի՞ համար, ևս պատասխան չունեմ, դատական ակտից դա որևէ կերպ հնարավոր չի ընկալել: Ի դեպ, քննիչն էլ ասում՝ Սամվել Կարապետյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ փաստական տվյալ չունեն, կանխատեսում ենք ուղղակի դա: Ես կարող եմ պնդել, որ ես 2-րդ նման դեպք չգիտեմ, որ գտնվի հենց կալանք ռեժիմի պայմաններում: Դրա պատասխանը.... կրկին ստիպված ենք վերադառնալ դեպի ֆեյսբուքյան իրականություն», - նշեց Վարդևանյանը:
Սամվել Կարապետյանն էլ իր նկատմամբ քրեական հետապնդումը որակել է աբսուրդ: Մեկուսացված, տեսակցություններից զրկված միլիարդատերը չի լռում, կալանավայրից ակտիվ քաղաքական ուղերձներ է հղում Հայաստանում տիրող իրավիճակի մասին, քննադատում իշխանությանը՝ արդարադատությունից մինչև արտաքին հարցեր՝ անվտանգություն ու ձախողած արտաքին քաղաքականություն:
«Կորցրեցինք հազարամյակների բացառիկ արժեքավոր պատմություն ունեցող և արյան գնով պահած հայկական Արցախը, որից հետո խաղաղության պայմանագրի էժանագին ու սուտ խոստումներով սկսեցին հատ առ հատ հանձնել հայկական տարածքները: Սուտ խոստումներով, թե իբրև սրանից հետո ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը, իր էժանագին կեցվածքով սկսեց վազել հարևան երկրների ղեկավարների հետևից՝ արժեզրկելով դարեր շարունակ հայ մարդուն վայել արժանապատիվ ապրելու հնարավորությունը», - նշել է նա:
Կարապետյանի բոլոր հայտարարությունները ավարտվում են՝ «պայքարելու ենք» ուղերձով: