Մատչելիության հղումներ

Դատարանը Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր նկատմամբ տնային կալանքի որոշում է կայացրել

Լրացված

Դատարանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի նկատմամբ տնային կալանքի որոշում է կայացրել: Նրանց պատկանող ընկերության երկու աշխատակիցներին կալանավորելու քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է:

Այս մասին հայտնեցին դատախազությունից՝ հաստատելով «Ազատության» տեղեկությունները, որ Դարբինյանների նկատմամբ խոշոր չափերով փողերի լվացման գործն առնչվում է 20 տարի առաջ թալանվածՎանաձորի մաքրման կայանին:

Դատախազությունից հայտնում են, թե 1999-2016 թվականներին Վանաձորի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրած Սամվել Դարբինյանը դեռ «2010-ին համայնքին պատկանող կեղտաջրերի մաքրման նախկին կայանի առանձնապես խոշոր չափերի շենք-շինությունները ձևական աճուրդով օտարել է՝ էական վնաս պատճառելով համայնքին»:

«2010-11 թթ., հանդիսանալով համայնքի ղեկավար, իր հետ փոխկապակցված ընկերության հետ համայնքի անունից կնքել է մաքրման կայանի առանձնապես խոշոր չափերի խողովակներն ապամոնտաժելու պայմանագիր, որից հետո յուրացման եղանակով հափշտակել է նույն մաքրման կայանի խողովակաշարը: Այն օգտագործել է իր և իր ընտանիքին պատկանող ՀԷԿ-ի շինարարության մեջ: Նշված խողովակների ձեռքբերմանն օրինական տեսք տալու նպատակով կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպել է իբրև ձեռքբերում, այդ կերպ խեղաթյուրելով գույքի հանցավոր ծագումը, տնօրինման եղանակն ու իրական պատկանելիությունը», - հայտնում են դատախազությունից:

Վանաձորի մաքրման կայանի թալանի փաստով քննություն սկսվել է դեռ 2007 թվականին։ Այդ նույն թվականին էր, որ Վանաձորում իր տան դիմաց սպանվեց Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը։ Դատախազի սպանությունից կարճ ժամանակ անց մաքրման կայանի գործը փակվեց։ Գործը վերաբացվել է 2019 թվականին։

Դեռ 2019-ին դատախազությունը հայտարարում էր, թե Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր պաշտոնավարման տարիներին Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանն ապօրինի օտարել է. կեղծ աճուրդ է կազմակերպել ու 240 միլիոն դրամանոց կայանն իր գնից 4 անգամ էժան՝ 60 միլիոն դրամով վաճառել իր մտերիմին։


Մանրամասները տե՛ս այստեղ



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG