Իրանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության համաձայնագրում պաշտպանության ոլորտի հետ կապված որևէ դրույթ չկա, հայտարարել է ՌԴ նախագահը՝ պատասխանելով Թեհրանին հնարավոր ռազմական աջակցության մասին հարցին:
«Մեր իրանցի բարեկամները անգամ չեն էլ խնդրում մեզ նման բան։ Այսպիսով, փաստացի քննարկելու բան չկա», - ասել է նա:
Այսօր առավոտյան Իրանի հարձակման հիմնական թիրախներն էին Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարության և հետախուզության շտաբը և «Սորոկա» հիվանդանոցին հարակից Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզական ճամբարը, հայտնում է իրանական IRNA-ն:
Հաղորդվում է, որ Իսրայելը հարված է հասցրել Արաքի ծանր ջրի հետազոտական ռեակտորի մոտակայքում գտնվող տարածքին, որը Իրանի միջուկային ծրագրի մաս է կազմում։ Իրանի պաշտոնյաները նշում են, որ ճառագայթման վտանգ չկա, քանի որ օբյեկտը տարհանվել էր հարձակումից առաջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Սպիտակ տան դիմաց լրագրողների հետ զրույցում հրաժարվել է հստակ ասել՝ արդյո՞ք որոշում է կայացրել Իսրայելի օդային գործողություններին միանալու վերաբերյալ։
«Կարող է՝ անեմ, կարող է՝ չանեմ։ Այսինքն՝ ոչ ոք չգիտի՝ ես ինչ եմ պատրաստվում անել», - ասել է նա։
Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ իրանական պաշտոնյաները ցանկացել են Վաշինգտոն գնալ բանակցությունների համար, և հավելել․ «Մենք կարող ենք դա անել, բայց հիմա արդեն մի քիչ ուշ է դրա համար»։
Իրանը հայտնել է, որ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաքում ձերբակալել է 18 «թշնամու գործակալի», որոնք անօդաչու սարքեր են կառուցում իսրայելական հարվածներին աջակցելու համար։ Մանրամասները չեն հաղորդվել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձում հայտարարել է, որ Իսրայելը «քայլ առ քայլ առաջ է գնում»՝ ոչնչացնելու Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային կայաններից բխող սպառնալիքները։
Իրանն ու Իսրայելը շարունակել են փոխադարձ օդային հարվածները հունիսի 19-ին:
Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թեհրանի ծայրամասերում կեսգիշերից հետո ակտիվացվել են երկրի հակաօդային պաշտպանական անօդաչու թռչող սարքերը։
Իսրայելի բանակը հաստատել է, որ հունիսի 19-ին «հարվածների շարք» է իրականացրել Իրանի մայրաքաղաքի ու երկրի այլ հատվածների վրա, ինչպես նաև հայտարարել, որ թռիչքի ընթացքում հայտնաբերել և ոչնչացրել է Իրանից արձակված «կասկածելի օդային թիրախ»։
Իրանում Գերմանիայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի հարձակումները «սատարելու» վերաբերյալ արված արտահայտությունների կապակցությամբ։
Գերմանիայի կանցլերը երեքշաբթի հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի լիակատար ոչնչացումը կարող է օրակարգում լինել, եթե Թեհրանը չնահանջի և չվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկը՝ Amnesty International-ը Իսրայելին և Իրանին կոչ է արել խնայել խաղաղ բնակիչներին։ Նշվում է, որ հակամարտությունը սրվում է, իսկ զոհերի թվի վերաբերյալ անհանգստությունն՝ աճում։
«Քանի որ զոհերի և վիրավորների թիվը շարունակում է աճել, «Amnesty International»-ը երկու կողմերին էլ կոչ է անում կատարել իրենց պարտավորությունները և ապահովել, որ երկու երկրների քաղաքացիական անձինք իրենց կյանքի գնով չվճարեն ռազմական գործողությունների համար», - ասել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը։
Միացյալ Նահանգներն աշխատում է Իսրայելից ԱՄՆ քաղաքացիների տարհանման ուղղությամբ՝ կազմակերպելով չվերթներ և զբոսանավերի մեկնումներ, հայտնել է Իսրայելում ԱՄՆ դեսպանը։
Թեհրանի կենտրոնում ուժեղ պայթյուններ են լսվել, տեղից հաղորդում է «Ֆրանսպրեսի» թղթակիցը: