- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ասել է, որ բելառուսական զորքեր Ուկրաինայում չկան, բայց եթե կարիք լինի, եթե անհրաժեշտ լինի Բելառուսին և Ռուսաստանին, նրանք կլինեն այնտեղ։
Պատերազմի համար Լուկաշենկոն մեղադրել է Ուկրաինային։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը Գերմանիայից պաշտպանական զենք է խնդրել Ուկրաինայի համար։
Դեսպանը դիմել է Գերմանիայի հասարակությանը՝ խնդրելով օգնել համոզելու կառավարությանը օգնել ուկրաինացիներին այս դրամատիկ ժամերին ու օրերին «ոչ միայն համերաշխության խոսքերով, այլև համարձակ արարքներով ու անհապաղ աջակցությամբ»։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան անվտանգության խորհրդի նիստից հետո ասել է, որ Չեխիան փակում է Ռուսաստանի երկու հյուպատոսությունները, իսկ իր դեսպաններին ու դիվանագետներին հետ է կանչում Ռուսաստանից ու Բելառուսից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ահազանգում է, որ ռուսաստանցի զինվորականները փորձում են գրավել Չեռնոբիլի ատոմակայանը։
«Մեր պաշտպանները իրենց կյանքն են զոհում, որպեսզի չկրկնվի 1986 թվականի ողբերգությունը։ Ես այդ մասին տեղեկացրել եմ Շվեդիայի վարչապետին։ Սա պատերազմ է ամբողջ Եվրոպայի դեմ»,- Թվիթերում գրել է Զելենսկին։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Դոնբասում ռազմական գործողության ժամանակ ռուսական օդուժը Су-25 ռազմական օդանավ է կորցրել։
Ռուսաստանի ՊՆ նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը հաստատել է լուրը, ասելով, թե Су-25-ը վթարի է ենթարկվել օդաչուի սխալի պատճառով։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Փետրվարի 24-ի երեկոյան Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտնեց, որ ռուսական զորքերը գրավել են Կախովկայի էլեկտրակայանը։
Կախովկան գտնվում է Ղրիմից հյուսիս ընկած Դնեպրի ափին՝ Խերսոնից ոչ հեռու։ Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել նաև Խերսոնի մոտ Դնեպրի վրա ընկած կամուրջը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
«Մեծ յոթնյակի» անդամ երկրները խստորեն դատապարտում են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Այս «չհրահրված և միանգամայն չարդարացված հարձակմանը նախորդել են շինծու պնդումներ և չհիմնավորված մեղադրանքներ», ասվում է համատեղ հայտարարության մեջ:
G7-ը Մոսկվային կոչ է արել «դադարեցնել արյունահեղությունը» և անհապաղ դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից, ինչպես նաև ապահովել ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության անձնակազմի անվտանգությունը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուս զինվորականները գրավել են Չեռնոբիլի ատոմակայանը, այս մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի առաջին խորհրդական Ալենա Շևցովան։