Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսով քննարկել է ռազմական իրավիճակը, ինչպես նաև ուկրաինական բանակին աջակցելու հարցը, հայտնում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Երմակը, մասնավորապես, խոսել է «ճակատում տիրող իրավիճակի մասին, և հատուկ ուշադրություն է դարձրել ուկրաինական բանակի կարիքներին»։
Սա Սալիվանի հետ վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հեռախոսազրույցն է։ Նախորդ հեռախոսազրույցը սեպտեմբերի 2-ին էր։ Օգոստոսի ընթացքում Երմակը երկու անգամ է Սալիվանին տեղեկացրել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։
Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ունի այսօր կայացած բանակցությունների ընթացքում Ուկրաինայի հետ սահմանին Հյուսիսային Կորեայի զինծառայողներ տեղակայելու հարց չի քննարկվել, Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով` երկու երկրների ղեկավարները քննարկել են «բացառապես երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր»։
Հյուսիսկորեացի գրեթե 100 հազար զինվորականների՝ ռուս-ուկրաինական սահմանաjին հնարավոր տեղակայման մասին օրերս գրել էին մի շարք արևմտյան լրատվամիջոցներ։
Ուկրաինական կողմի փոխանցմամբ` գիշերը մի քանի ալիքներով ռուսական բանակի արձակած «Շահեդ» անօդաչու թռչող սարքերը կրկին հարձակվել են Դանուբի ուկրաինական նավահանգիստների, առաջին հերթին՝ Ռենիի վրա։ Հարավային պաշտպանական ուժերը խոցել են 32 անօդաչու թռչող սարք, սակայն որոշ անօդաչուներ ներխուժել և վնասել են նավահանգստի ենթակառուցվածքը, շենքերն ու բեռնատարները: Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ վիրավորվել է 7 քաղաքացիական վարորդ։
Մոսկվան հաստատում է, որ այս պահին Ուկրաինայում կռվող ռուսական ուժերը պաշտպանվողի դերում են։ Այս մասին Россия 1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Զորքերը ակտիվ պաշտպանություն են իրականացնում՝ կարևոր և անհրաժեշտ ուղղություններում։ Որոշ տեղերում դա հեշտ է տրվում, որոշ տեղերում ավելի բարդ, սակայն զինծառայողներն ու նրանց հրամանատարները վստահ են գործում», - ասել է Շոյգուն։
24 մարդ է վիրավորվել բռնակցված Ղրիմում գտնվող Սևաստոպոլ քաղաքի ուկրաինական հրթիռակոծության հետևանքով։ Այս մասին տեղեկացրել է Սևաստոպոլի ռուսական վարչակազմի ղեկավար Միխայիլ Ռազվոզժաևը։
Պաշտոնյայի խոսքով՝ գիշերային հթրիռակոծության թիրախում է եղել քաղաքի տարածքում գտնվող «Սևմորզավոդ» նավաշինական գործարանը, որտեղ, հարվածից հետո հրդեհ է բռնկվել։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը գտնվում է Ռուսաստանի տարածքում։ «Ես հաստատում եմ, դա իսկապես այդպես է», - ասել է Պեսկովը «Ինտերֆաքս»-ին:
Երեկ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի գնացքը մեկնել է Ռուսաստան, որտեղ նախատեսված է հանդիպում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թե կոնկրետ երբ կկայանա հանդիպումը, դեռ հայտնի չէ։
ԱՄՆ-ը կարծում է, որ Կիմ Չեն Ընն ու Պուտինը պատրաստվում են քննարկել Ուկրաինայում կռվող ռուսական բանակին հյուսիսկորեական զինամթերք մատակարարելու հարցը։ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը երեկ լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել, եթե Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ընը Վլադիվոստոկում կայանալիք հանդիպման ժամանակ պայմանավորվեն կորեական զինամթերքի մատակարարման շուրջ։
Ուկրաինան հաջողությամբ վերականգնել է վերահսկողությունը Սև ծովում Օդեսայի և Ղրիմի միջև գտնվող Բոյկո աշտարակների, գազի և նավթի հորատման հարթակների վրա, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։
Այդ հարթակները 2015 թվականին, Ղրիմի օկուպացիայից հետո գրավվել էին ռուսական ուժերի կողմից։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ աշտարակները ոչ միայն օգտագործվել են էներգետիկ նպատակներով, այլև ծառայել են որպես ուղղաթիռների և էլեկտրոնային պատերազմի սարքավորումների տեղակայման հենակետ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման ժամանակ։
Ուկրաինայի հատուկ ծառայությունները նաև տեսանյութ են հրապարակել, որում ցուցադրվում է Բոյկո աշտարակների վերահսկողությունը վերականգնելու գործողությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN -ի հետ զրույցում հերքել է Վլադիմիր Պուտինի հետ փոխզիջման հնարավորությունը և հայտարարել, որ պատերազմը չի ունենա «երջանիկ ավարտ»։
Պատասխանելով Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունների և փոխզիջման հասնելու մասին կոչերին, Զելենսկին պնդել է՝ Ռուսաստանը ինքը պատրաստ չէ զիջումների։
«Պուտինը ցանկանում է զավթել մեր երկիրը, ջախջախել մեր ընտանիքները, տները։ Նա հասկանում է, որ Ուկրաինան երբեք հետքայլ չի անի, չի հեռանա իր հողից։ Մենք երբեք դա չենք անի», - հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։
Նախագահ Զելենսկին խոսել է նաև Կիևի՝ լայնորեն քննարկվող հակահարձակողական գործողությունների մասին․ «Մենք բոլորս ցանկանում ենք հաջողության հասնել և երջանիկ ավարտ ունենալ։ Բայց սա երջանիկ ավարտով ֆիլմ չէ, մենք չենք ունենա երջանիկ ավարտ, մենք կորցրել ենք բազմաթիվ մարդկանց։ Երջանիկ ավարտ չի լինի։ Մենք սա պետք է խոստովանենք»։
Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է Բախմուտի մոտ՝ մի քանի կիլոմետր հարավ գտնվող Կլեշչեևկայում առաջընթացի մասին։
«Բախմուտի ուղղությամբ պաշտպանության ուժերը մասնակի հաջողություններ են գրանցում Դոնեցկի մարզի Կլեշչեևկայի շրջանում՝ հակառակորդին դուրս մղելով գրավյալ դիրքերից և համախմբվելով ձեռք բերված գծերում, ընթանում են ծանր մարտեր», - ասվում է գերատեսչության այսօր տարածած հաղորդագրությունում։
Ռազմաճակատի մյուս ուղղություններում, դատելով ուկրաինական կողմի հաղորդագրությունից, էական փոփոխություններ չկան։
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, իր հերթին, հայտարարել է, որ երկրի զինված ուժերն անցած շաբաթվա ընթացքում 2 քառակուսի կիլոմետր տարածք են ազատագրել Բախմուտի ուղղությամբ, իսկ ընդհանուր առմամբ՝ հակահարձակողական գործողությունների մեկնարկից ի վեր 49 քառակուսի կիլոմետր:
Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ գիշերը շրջանի կենտրոնում երկու անօդաչու թռչող սարք են խոցել։ Զոհեր և վիրավորներ չկան։ Անօդաչուներից մեկի բեկորներն ընկել են բնակելի տան կողքով անցնող ճանապարհի վրա:
Բելգորոդի և Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի այլ շրջանների իշխանությունները, ինչպես նաև ռուս զինվորականները պարբերաբար հայտարարում են ուկրաինական կամիկաձե անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։
Ուկրաինական ալիքները հաղորդում են Կրիվոյ Ռոգում պայթյունների մասին: Քաղաքը, դատելով տեղեկություններից, միաժամանակ խոցվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերով և թևավոր հրթիռներով:
Կրիվոյ Ռոգը խոշոր քաղաք է և արդյունաբերական կենտրոն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի արևմուտքում։