Վաշինգտոնն «ամբողջությամբ պատասխանատու է» Իրանի ցանկացած հակաքայլի համար. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում հայտարարել է, որ Վաշինգտոնն «ամբողջությամբ պատասխանատու է» Իրանի կողմից հնարավոր ցանկացած հակաքայլի համար՝ առանց հստակեցնելու, թե ինչ քայլերի մասին է խոսքը։

«Նրանք հատել են շատ մեծ կարմիր գիծ՝ հարվածելով միջուկային օբյեկտներին», - ասել է նա, - «Չեմ կարող ասել՝ արդյոք դիվանագիտության համար որևէ հնարավորություն մնացե՞լ է»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան գործողությունները նպատակ են ունեցել կանխել Իրանի՝ միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը։

Արաղչին Թուրքիա կատարած այցից հետո պատրաստվում է հունիսի 23-ին Մոսկվայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները՝ դրանք որակելով որպես Միջուկային զենքի չտարածման պայմանագրի խախտում և զգուշացնելով հակամարտության տարածման վտանգի մասին։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ ու դեսպան Ամիր Սայիդ Իրավանին էլ հայտարարել է, որ Թեհրանը պահպանում է իր օրինական իրավունքը՝ ինքնապաշտպանվելու և պատասխանելու ԱՄՆ-ի և Իսրայելի բացահայտ ագրեսիային։

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել էր հրավիրել արտահերթ նիստ՝ կոչ անելով 15 անդամ ունեցող մարմնին քննարկել ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացրած «բացահայտ և անօրինական ագրեսիայի ակտը»։

Նիստի ընթացքում Իրավանին ընդգծել է, որ Իրանը գործում է ինքնապաշտպանության շրջանակներում, մինչդեռ «ԱՄՆ-ն աջակցում է ահաբեկչությանը տարածաշրջանում»։