ԿԿՀ-ն մերժել է վարչապետի գրառումների վերաբերյալ վարույթ հարուցել. Արա Զոհրաբյանը կդիմի դատարան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում, արխիվ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) չի քննի վարչապետի Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին ուղղված գրառումները, բացի մեկից: Փաստաբան Արա Զոհրաբյանն էր դիմել այդ կառույցին, որ իրավական գնահատական տան վարչապետի տասնյակից ավելի գրառումներին: Հանձնաժողովը, սակայն, հրաժարվել է փաստաբանի դիմումի հիման վրա վարույթ հարուցել: Արա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ պատճառաբանել են, թե իրենք սեփական նախաձեռնությամբ են դա արել:

«Մնացած մեր փաստարկների մասով նշել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գործել իր լիազորությունների շրջանակում, հետևաբար որոշ կանոններ, ըստ հանձնաժողովի, խախտված չեն կարող համարվել», - նշեց Զոհրաբյանը:

Եկեղեցականներին ուղղված վարչապետի միայն մեկ՝ «սրբազանի» և «քեռակնոջ» գրառման առնչությամբ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ հարուցել: Արա Զոհրաբյանը շարունակում է պնդել՝ կառավարության ղեկավարը մյուս գրառումներում ևս խախտել է թե՛ «Հանրային ծառայության մասին», թե՛ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքների մի շարք հոդվածներ:

«Օրինակ՝ խախտման վերաբերյալ փաստարկներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միջամտում է եկեղեցու ինքնակառավարման հարցերին, որի իրավունքը չունի: Էս մասով իրենք գտել են, որ նա որպես վարչապետ չի գործել, իր ֆեյսբուքյան էջը, բնականաբար, ասոցացնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և մենք նաև տեսել ենք, որ նույն կառավարության նիստերում, Ազգային ժողովի ամբիոնի մոտ նույն հարցերը բարձրացնում է, այն հարցերը, որոնք բարձրացել է նաև իր սոցիալական էջում: Դրա համար նա այդտեղ հանդես է գալիս որպես վարչապետ», - ասաց փաստաբանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն «Ազատության»-ն ասաց՝ եթե փաստաբանն իրենց որոշման հետ համաձայն չէ, թող դիմի դատարան: Արա Զոհրաբյանը հենց այդ ճանապարհով էլ գնալու է, այժմ հայցն է պատրաստում:

«Հանձնաժողովի այդ որոշումն իմ կողմից վիճարկվելու է, այսինքն պարտավորեցման հայց եմ ներկայացնելու վարչական դատարան», - ասաց փաստաբանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մայր Աթոռի միաբանները հորդորում են իշխանություններին դադարեցնել Եկեղեցու նկատմամբ «հարձակումները»Սեռական սկանդալը վերափոխվում է դավանաբանական բանավեճի

Մինչ Զոհրաբյանը կփորձի դատական կարգով պարտավորեցնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի վարքագիծը քննել, վերջին մեկ ամսում այդ կառույցը երկրորդ վարույթն է հարցում վարչապետի հայտարարությունների վերաբերյալ: Եկեղեցու որոշ հոգևորականներին վիրավորելուց առաջ կառավարության ղեկավարը խորհրդարանում իրեն քննադատած ընդդիմադիր պատգամավորներին էր անվանել «համբալ», սպառնացնել նրանց ուղարկել «ԱԱԾ պադվալ»:

Հանձնաժողովի գնահատմամբ՝ վարչապետն այս և մի շարք այլ արտահայտություններով վարքագծի կանոնների առերևույթ խախտում է թույլ տվել, այժմ միջադեպի կողմերի բացատրություններն ուսումնասիրելու փուլում են: Վարչապետն արդեն իր գրավոր պարզաբանումները ներկայացրել է, հնարավոր է դիմեն նաև խորհրդարանի խոսնակին:

«Լրացուցիչ այլ գործողություններ են կատարվում, որոնք վարույթի շրջանակներում մեզ անհրաժեշտ կլինեն, բայց չեմ կարող այս պահին վարույթային ընթացակարգը հրապարակել», - ասաց ԿԿՀ ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանը:

«Ազատության» հարցին՝ «և՛ ընդդիմադիրների, և՛ վարչապետի կողմից ստացե՞լ եք պարզաբանումներ», Գալստյանը պատասխանեց. - «Ընդդիմադիրներինը դեռևս չենք ստացել, դեռևս պետք է հասկանանք, կարող է մենք ԱԺ նախագահին դիմենք, տեսնենք, եթե դրանք ձայնագրած են, ամբողջ ձայնագրություններն ուզենք»:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթների քննության համար 90 օր ժամանակ ունի: Եթե անգամ պարզի, որ երկրի ղեկավարը վարքականոնի խախտում է թույլ տվել, ապա միևնույնն է ոչ մի պատիժ սահմանված չէ, վարչապետն ընդամենը պետք է հանրությանը պարզաբանում ներկայացնի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԿՀ-ն Փաշինյանի արտահայտությունները իմաստաբանական վերլուծության է ենթարկել. վարույթ է հարուցվել