Խաչատուր Սուքիասյանը կապ չունի և չի ունեցել ադամանդների բիզնեսով զբաղվող կազմակերպության հետ. գրասենյակից հերքում են ՌԴ ԱԴԾ-ին

«Խաչատուր Սուքիասյանը որևէ կապ չունի չունի և չի ունեցել ադամանդների բիզնեսով զբաղվող այդ կազմակերպության հետ», - «Ազատությանը» փոխանցեց իշխանական պատգամավոր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ հերքելով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրությունը:

ՌԴ ԱԴԾ-ն այսօր հայտարարել է, թե բացահայտվել է ադամանդների մաքսանենգության դեպք, որը կազմակերպել են Հայաստանի քաղաքացիներ Բաղիկյան եղբայրները: Ըստ ԱԴԾ-ի՝ ռուսական "АЛРОСА" ընկերությունից գողացված ադամանդները տեղափոխվել են Հայաստան:

«Գողացված ադամանդները ուղարկվել են Հայաստան՝ «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ, որի շահառուն հայազգի գործարար և պատգամավոր Սուքիասյան Խ. -ն է», - պնդում է ռուսաստանյան գերատեսչությունը:

Աննա Մկրտչյանն ավելի ուշ նաև հայտարարությամբ է հանդես եկել՝ սա տեղեկատվական պատերազմ որակելով. «Սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է:

Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծում եմ նմանատիպ լուրեր էլի կլինեն: Կարելի է ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել: Դարձյալ կրկնում եմ՝ այս լուրը ապատեղեկատվություն է»:

Պետական ռեգիստրի տվյալներով՝ «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ընկերության սեփականատերերը 2017 թվականից եղել են Ասպարիկ Բաղիկյանը և Մարինե Բաղիկյանը: 2024 -ից արդեն միակ բաժնետերը Արթուր Մավրիկի Օհանջանյանն է: