Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) չի քննի վարչապետի Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին ուղղված գրառումները, բացի մեկից: Փաստաբան Արա Զոհրաբյանն էր դիմել այդ կառույցին, որ իրավական գնահատական տան վարչապետի տասնյակից ավելի գրառումներին: Հանձնաժողովը, սակայն, հրաժարվել է փաստաբանի դիմումի հիման վրա վարույթ հարուցել: Արա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ պատճառաբանել են, թե իրենք սեփական նախաձեռնությամբ են դա արել:
«Մնացած մեր փաստարկների մասով նշել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գործել իր լիազորությունների շրջանակում, հետևաբար որոշ կանոններ, ըստ հանձնաժողովի, խախտված չեն կարող համարվել», - նշեց Զոհրաբյանը:
Եկեղեցականներին ուղղված վարչապետի միայն մեկ՝ «սրբազանի» և «քեռակնոջ» գրառման առնչությամբ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ հարուցել: Արա Զոհրաբյանը շարունակում է պնդել՝ կառավարության ղեկավարը մյուս գրառումներում ևս խախտել է թե՛ «Հանրային ծառայության մասին», թե՛ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքների մի շարք հոդվածներ:
«Օրինակ՝ խախտման վերաբերյալ փաստարկներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միջամտում է եկեղեցու ինքնակառավարման հարցերին, որի իրավունքը չունի: Էս մասով իրենք գտել են, որ նա որպես վարչապետ չի գործել, իր ֆեյսբուքյան էջը, բնականաբար, ասոցացնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և մենք նաև տեսել ենք, որ նույն կառավարության նիստերում, Ազգային ժողովի ամբիոնի մոտ նույն հարցերը բարձրացնում է, այն հարցերը, որոնք բարձրացել է նաև իր սոցիալական էջում: Դրա համար նա այդտեղ հանդես է գալիս որպես վարչապետ», - ասաց փաստաբանը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն «Ազատության»-ն ասաց՝ եթե փաստաբանն իրենց որոշման հետ համաձայն չէ, թող դիմի դատարան: Արա Զոհրաբյանը հենց այդ ճանապարհով էլ գնալու է, այժմ հայցն է պատրաստում:
«Հանձնաժողովի այդ որոշումն իմ կողմից վիճարկվելու է, այսինքն պարտավորեցման հայց եմ ներկայացնելու վարչական դատարան», - ասաց փաստաբանը:
Մինչ Զոհրաբյանը կփորձի դատական կարգով պարտավորեցնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի վարքագիծը քննել, վերջին մեկ ամսում այդ կառույցը երկրորդ վարույթն է հարցում վարչապետի հայտարարությունների վերաբերյալ: Եկեղեցու որոշ հոգևորականներին վիրավորելուց առաջ կառավարության ղեկավարը խորհրդարանում իրեն քննադատած ընդդիմադիր պատգամավորներին էր անվանել «համբալ», սպառնացնել նրանց ուղարկել «ԱԱԾ պադվալ»:
Հանձնաժողովի գնահատմամբ՝ վարչապետն այս և մի շարք այլ արտահայտություններով վարքագծի կանոնների առերևույթ խախտում է թույլ տվել, այժմ միջադեպի կողմերի բացատրություններն ուսումնասիրելու փուլում են: Վարչապետն արդեն իր գրավոր պարզաբանումները ներկայացրել է, հնարավոր է դիմեն նաև խորհրդարանի խոսնակին:
«Լրացուցիչ այլ գործողություններ են կատարվում, որոնք վարույթի շրջանակներում մեզ անհրաժեշտ կլինեն, բայց չեմ կարող այս պահին վարույթային ընթացակարգը հրապարակել», - ասաց ԿԿՀ ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանը:
«Ազատության» հարցին՝ «և՛ ընդդիմադիրների, և՛ վարչապետի կողմից ստացե՞լ եք պարզաբանումներ», Գալստյանը պատասխանեց. - «Ընդդիմադիրներինը դեռևս չենք ստացել, դեռևս պետք է հասկանանք, կարող է մենք ԱԺ նախագահին դիմենք, տեսնենք, եթե դրանք ձայնագրած են, ամբողջ ձայնագրություններն ուզենք»:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթների քննության համար 90 օր ժամանակ ունի: Եթե անգամ պարզի, որ երկրի ղեկավարը վարքականոնի խախտում է թույլ տվել, ապա միևնույնն է ոչ մի պատիժ սահմանված չէ, վարչապետն ընդամենը պետք է հանրությանը պարզաբանում ներկայացնի: