Մատչելիության հղումներ

Հայաստանում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա


Ռադիոակտիվ ֆոնի չափումներ, արխիվ
Ռադիոակտիվ ֆոնի չափումներ, արխիվ

Հայաստանում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա, «Ազատության» հետ զրույցում հայտնեց Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի տնօրեն Արմեն Ամիրջանյանը:

Այդ կենտրոնի աշխատակիցները Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացուցիչների հետ Սյունիքում են չափումներ անում, բացի այդ՝ Իրանում ընթացող իրադարձություններով պայմանավորված, այնտեղ նաև դեռ հունիսի 20-ից վաղ ահազանգման ճառագայթային մոնիթորինգային համակարգի մշտադիտարկման կայան է տեղադրվել, որը 24 ժամ անդադար չափումների արդյունքներն է ուղարկում: Ամիրջանյանն ասում է՝ ստացված բոլոր տվյալները նորմայի սահմաններում են. - «Եվ այս ընթացքում, ինչ սկսվել է այդ պատերազմը, ճառագայթային ֆոնի որևէ փոփոխություն չի նկատվում Հայաստանում: Այս պահին որևէ փոփոխություն չենք նկատում»:

«Գործուղել ենք մեր աշխատակիցներին, մեր աշխատակիցների հետ Միջուկային կարգավորման կոմիտեի աշխատակիցն է, այժմ Մեղրիում են գտնվում, զուգահեռ չափումներ է կատարում ավելի իրավիճակը ճշտելու համար: Չնայած, ասում եմ, Մեղրիում տեղադրվել է ստացիոնար չափման կայան», - նշեց Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի տնօրենը՝ ի պատասխան «Ազատության» հարցի հավելելով. - «Քանի որ մնիտորինգը Հայաստանում հիմնականում կենտրոնացած էր Հայկական ատոմակայանի վրա, բայց վերջին դեպքերի արդյունքում որոշում կայացվեց նաև հարավային սահմանում նույնպես ունենալ մոնիտորինգային կայան: Այժմ այդ կայանը աշխատում է, և տվյալներից դատելով՝ մենք կարող ենք ասել՝ որևէ ամպ, ռադիոակտիվ ամպ չկա, ֆոնային արժեքը որևէ փոփոխություն չի կրել»:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն էլ չափում է ֆոնային գամմա ճառագայթման մակարդակը և դարձյալ փոփոխություն չի նկատել:

Նախօրեին Միացյալ Նահանգները հայտարարեց, որ հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում: ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ թեև ստորգետնյա վնասները գնահատելն այս փուլում դեռ հնարավոր չէ, բայց հավանաբար ամերիկյան հարվածները «շատ նշանակալի» վնաս են հասցրել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի ստորգետնյա տարածքներին: Իրանական աղբյուրները պնդում են, որ հարստացված ուրանը մինչև հարվածներն արդեն իսկ տեղափոխված է եղել Ֆորդոյից:

Հայաստանի արտգործնախարարությունն, ի դեպ, որ տասն օր առաջ դատապարտել էր Իսրայելի հարձակումը Իրանի միջուկային և ռազմական օբյեկտների վրա, երեկվա ամերիկյան հարվածներից հետո որևէ հայտարարություն չի արել:

«ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանն ասում է՝ ոչ միայն Հայաստանն է զգուշավոր Միացյալ Նահանգների վերաբերյալ գնահատականներում, այլև այլ երկրներ ևս, քանի որ ԱՄՆ նախագահի արձագանքը հնարավոր քննադատությանն անկանխատեսելի է:

«Ինձ թվում է՝ կա մտահոգություն, որ անկանխատեսելի է, որ Թրամփը կամ Թրամփի խորհրդականները կարող են նրան ասել՝ «տեսեք, օրինակ, իքս երկիրը, այս պարագայում՝ Հայաստանը, քննադատել է քեզ, քննադատել է քո հարվածը», ինչը, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ արձագանք կարող է բերել նախագահի կողմից», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց փորձագետը՝ շարունակելով. - «Օրինակի համար՝ Թրամփը կարող է ինչ-որ բան գրել, կամ ասել, որ «դե եկեք պատժամիջոցներ կիրառենք այս կամ այն պետության նկատմամբ: Հետևաբար, բոլորն էլ ցանկանում են զգույշ մնալ նախագահ Թրամփից»:

Իրանում արդեն 11-րդ օրն է՝ ռազմական գործողություններ են, հարվածներ են հասցվում Հայաստանի հարևան երկրի միջուկային օբյեկտներին, այդ երկրից փախստականների հոսք է սկսվել, այդ թվում՝ Հայաստան, արդյոք այս իրավիճակում Հայաստանի արձագանքը համապատասխան է:

«Կարծում եմ՝ եթե վերցնենք Արտգործնախարարության արձագանքը, այսինքն՝ հայտարարությունները և այլն, դա ադեկվատ է, սակայն եթե վերցնենք ընդհանուր պետական համակարգի արձագանքը, ապա այստեղ ես չեմ կարծում, որ արձագանքը ադեկվատ է, որովհետ նույնիսկ եթե ընդունենք, որ իրականում շատ բան արվում է, պարզապես դրա մասին չի հայտնվում, դա էլ է տարօրինակ միտում՝ ուրեմն, առնվազն պետական համակարգը խնդիր ունի ռազմավարական հաղորդակցության: Իսկ եթե շատ բան չի արվում, ապա կարող ենք ասել, որ ի տարբերություն Արտգործնախարարության՝ ընդհանուր պետական ապարատի կամ պետական համակարգի արձագանքը դժվար թե կարելի է գոհացուցիչ համարել», - նշեց Բենիամին Պողոսյանը:

Իրանի վրա իսրայելական հարձակումից հետո արդյոք Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվել է. խորհրդի մամուլի խոսնակը հայտնեց, որ այն դեպքերում, երբ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվում է, այդ մասին տրվում է հաղորդագրություն: Անվտանգության խորհրդի կայքում որևէ հաղորդագրություն այդ մասին մինչ օրս չկա:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG