Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունքներով է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա պատասխանել է դատախազների՝ Լեռնային Ղարաբաղի բանկային համակարգին վերաբերող հարցերին։
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Հարությունյանը մասնավորաբար նշել է, որ «Արցախբանկը» գրանցված է եղել Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից և «հայաստանյան այլ բանկերի համեմատ որևէ արտոնություն կամ առավելություն չի ունեցել»։
Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։