Մատչելիության հղումներ

Ադրբեջանական դատարանները շարունակում են ազատազրկել ընդդիմադիր ակտիվիստներին ու լրագրողներին


Երկարատև ազատազրկում ադրբեջանցի ակտիվիստների և անկախ լրագրողների համար։ Վերջին երեք օրերին ադրբեջանական դատարանները շարունակում էին մեկը մյուսի հետևից հրապարակել Ալիևի վարչակազմի վարած քաղաքականությանն ընդդիմացող ադրբեջանցի երիտասարդների դատավճիռները՝ նրանց համար որպես պատիժ 7-ից մինչև 15 տարվա բանտարկություն սահմանելով։

Ամենաանողոք վճիռը հրապարակվեց երեկ։ Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանը 15 տարվա ազատազրկման դատապարտեց հետազոտող Բեհրուզ Սամեդովին՝ նրան մեղավոր ճանաչելով Հայաստանի օգտին լրտեսության համար։

Սամեդովի փաստաբան Զիբեյդա Սադիխովան, սակայն, պնդում է՝ դատախազությունն այդպես էլ չկարողացավ հիմնավորել մեղադրանքը, միակ բանն էլ, որ կարողացավ անել դատարանը, մեղադրող կողմի պահանջած պատժաչափը մեկ տարով կրճատելն էր։

«Բեհրուզ Սամեդովի լրտեսական գործունեության որևէ ապացույց այդպես էլ չներկայացվեց։ Սամեդովն ընդամենը խաղաղասեր գիտնական է, մարդ, որ ընդդիմանում է պատերազմին։ Նա ընդամենը հետևողականորեն և հրապարակայնորեն արտահայտվել է պատերազմի դեմ: Այնպես որ, դավաճանության մեղադրանքն ուղղակի աբսուրդ է», - հայտարարում էր փաստաբանը։

Արտերկրում գործող ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները պնդում են՝ անցած շաբաթավերջին, երբ հայտնի էր դարձել, որ դատախազությունն իր համար 16 տարվա ազատազրկում է պահանջում, Սամեդովը փորձել է ինքնասպան լինել, սակայն վերջին պահին փրկվել է խցակիցների կողմից։ Այժմ, ըստ փաստաբանի, Բեհրուզ Սամեդովն անժամկետ հացադուլի մեջ է։

Դատարանում հնչեցրած իր վերջին խոսքում էլ Սամեդովը նշել էր․ - «Վերջին վեց տարիներին ես Ադրբեջանում չեմ ապրել։ Որևէ պետական հիմնարկությունում երբեք չեմ աշխատել։ Որևէ գաղտնի փաստաթուղթ կյանքում չեմ տեսել։ Ինչպե՞ս ես կարող էի հայերին պետական գաղտնիքներ փոխանցել, եթե որևէ պետական գաղտնիքի չէի տիրապետում»։

Սամեդովի տատը՝ Զիբեյդա Օսմանովան ևս, որն, ի դեպ, նրա միակ ողջ մնացած հարազատն է, երեկ դատարանի շենքի մոտ պնդում էր՝ իր թոռը իշխանությունների կողմից սառնասրտորեն ծրագրված հաշվեհարդարի զոհ է դարձել։

«Իրենք խժռում են այս երկրի հարստությունը, իսկ նրանց, ովքեր հանդգնում են խոսել դրա մասին, ուղարկում են բանտ։ Իշխանությունները ստրկացրել են ժողովրդին, հնարավոր ամեն ինչ թալանել են։ Ինչի՞ց են վախենում այդ մարդիկ, որ երիտասարդներին ուղարկում են ճաղերի հետևում փտելու», - նշում էր Զիբեյդա Օսմանովան։

Բեհրուզ Սամեդովը միակ ադրբեջանցի երիտասարդը չէր, որն անցնող օրերին ազատազրկվեց՝ դատապարտվելով երկարատև բանտարկության։

Հունիսի 20-ին Բաքվի դատարանը հրապարակեց նաև անկախ Abzas Media կայքի գործով դատավճիռը։ Մի շարք կոռուպցիոն սկանդալներ բացահայտած լրատվամիջոցի խմբագրակազմը մեղավոր ճանաչվեց տարադրամի մաքսանենգության համար։ Կայքի տնօրեն Ուլվի Հասանլին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզին, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին և Abzas-ի հետ համագործակցող «Ազատության» ադրբեջանական ծառայության աշխատակից Ֆարիդ Մեհրալիզադեն դատապարտվել են 9, լրագրողներ Նարգիզ Աբսալամովան և Էլնարա Գասիմովան՝ 8, իսկ փոխտնօրեն Մահամադ Կեկալովը՝ 7.5 տարվա ազատազրկման։

Ոստիկաններն Abzas Media-ի խմբագրատանը իրականացված խուզարկության ժամանակ 40 հազար եվրո էին հայտնաբերել, որը, սակայն, լրագրողների և նրանց փաստաբանների համոզմամբ, հենց իրենք՝ իրավապահներն էլ բերել էին իրենց հետ։ Դատավճռի հրապարակումից հետո ընդդիմադիր «Ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլին պնդում էր՝ Abzas-ի գործը դեռ երկար են հիշելու՝ թե՛ Ադրբեջանում, թե՛ Ադրբեջանի սահմաններից դուրս։

«Այսօր մի դատավճիռ ընթերցվեց, որն անկասկած պատմության մեջ կմնա։ Իշխող ռեժիմի կոռուպցիոն սխեմաները հետաքննող լրագրողներին երկարատև բանտարկության դատապարտեցին։ Մենք բոլոր պետք է ճանաչենք այդ երիտասարդներին, հպարտանանք նրանցով և մշտապես աջակցենք նրանց», - հայտարարել է Քերիմլին:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG