Հնդկաստանի վարչապետը զրուցել է Իրանի նախագահի հետ, խորը մտահոգություն հայտնել ԱՄՆ հարվածների կապակցությամբ։ «Վերահաստատել ենք անհապաղ լիցքաթափման, երկխոսության և դիվանագիտության մեր կոչը՝ որպես տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության շուտափույթ վերականգնման ուղի»,-գրել է նա:
Ամերիկացի զինվորները կարող են հայտնվել թիրախում.NYT
Հազարավոր ամերիկացի զինվորներ կարող են հայտնվել Իրանի անմիջական կրակի տակ. նրանցից շատերը ընդամենը մի քանի րոպե ժամանակ կունենան ՝ իրանական հրթիռից պաշտպանվելու համար, գրում էThe New York Times-ը։
«ԱՄՆ ցանկացած ռազմական միջամտություն, անկասկած, կուղեկցվի անդառնալի վնասով», - անցյալ շաբաթ զգուշացրել էր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Ըստ ամերիկյան պարբերականի, Պենտագոնն այս պահին Մերձավոր Արևելքում ավելի քան 40,000 ամերիկացի զինծառայող և քաղաքացիական անձ ունի՝ միլիարդավոր դոլարների զենքից ու ռազմական տեխնիկայից բացի:
Դոհայում գործող Մերձավոր Արևելքի գլոբալ հարցերով խորհրդի ավագ վերլուծաբան Ադել Աբդել Ղաֆարը թերթի հետ զրույցում կանխատեսել է, որ Իրաքում, Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան զորքերը կլինեն Իրանի առաջին թիրախները։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վաշինգտոնը այդ բազաներից դուրս է բերել օպերատիվ գործողություններում չներգրավված անձանց, ինչպես նաև զինծառայողների ընտանիքի անդամներին։
Ռուսաստանը, որը Իրանի վաղեմի դաշնակիցն է, «խստորեն դատապարտել է» ԱՄՆ-ի կողմից երեկ հասցված հարվածները: Կատարվածից հետո առաջին պաշտոնական հայտարարությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պնդել է, որ ամերիկյան հարվածները «անպատասխանատու» են և կոպտորեն խախտում են «միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»:
Մոսկվան կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «վերջ դնել Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հակամարտող գործողություններին»:
Վաղը Արաղչին Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինի հետ։