Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացնում է «Հեզբոլա»-ի առաջնորդ Նայիմ Քասեմին զգույշ լինել այն բանից հետո, երբ նա երեկ հայտարարեց, որ իրենց խումբը «կգործի այնպես, ինչպես մենք ենք համարում նպատակահարմար»՝ ի պատասխան Իսրայելի և Իրանի միջև պատերազմի։
«Հեզբոլա»-ի առաջնորդը չի սովորել իր նախորդներից և սպառնում է գործել Իսրայելի դեմ», - Time of Israel-ի փոխանցմամբ՝ ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը:
Ընդգծելով, որ «Իսրայելը կորցրել է համբերությունը իրեն սպառնացող ահաբեկիչների նկատմամբ», Կացը՝ զգուշացրել է. «Եթե ահաբեկչություն լինի, «Հեզբոլա» չի լինի»։
Իսրայելի պաշտպանության նախարարը ուրբաթ օրը հայտարարել է, որ զինվորականներին հրահանգել է ակտիվացնել Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող կառավարական կառույցների վրա հարձակումները:
«Մենք պետք է հարվածենք ռեժիմի բոլոր խորհրդանիշներին և բնակչության ճնշման մեխանիզմներին, ինչպիսին է Բասիջը (ժողովրդական աշխարհազորայիններ), և ռեժիմի իշխանության հենարանին, ինչպիսին է Հեղափոխության պահապանների կորպուսը», - ասված է Իսրայել Կացի հայտարարության մեջ։
Եվրոպական երկրները հույսեր են կապում Ժնևում Իրանի արտգործնախարարի մասնակցությամբ բանակցությունների հետ՝ մասնավորապես պատերազմը դադարեցնելու հարցով, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն իրանցի պաշտոնակցին կհանդիպի՝ «բանակցությունների համար ամբողջական դիվանագիտական և տեխնիկական առաջարկ անելու»։
Շվեյցարական Ժնևում մեկնարկել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումը Իրանի արտգործնախարարի հետ՝ Իսրայելի և Իրանի միջև պատերազմին վերջ դնելու ջանքերի շրջանակներում։
Այս հանդիպումից առաջ Իրանի դիվանագիտության ղեկավար Աբբաս Արաղչին պնդել է, որ Թեհրանը «քննարկելու ոչինչ չունի» Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանին։ Իրանցի պաշտոնյան միաժամանակ հավելել է, որ բաց են «երկխոսության» համար այլոց հետ։