Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ուղղակի ռազմական օգնությունը կարող է արմատապես անկայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Պաշտոնյայի խոսքով՝ Մոսկվան կապի մեջ է ինչպես Իսրայելի, այնպես էլ Իրանի հետ։
Իսրայելի օդային հարվածների հետևանքով Իրանում ևս երկու միջուկային օբյեկտ է տուժել։ Այս մասին այսօր հայտարարել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները։
Նրանց խոսքով՝ տուժած հաստատություններից մեկը ուրանի հարստացման համար նախատեսված ցենտրիֆուգեր արտադրող ТЕSA գործարանն է, որ գտնվում է Քարաջ քաղաքում, մյուսը՝ Թեհրանի հետազոտական կենտրոնը։
«Քարաջում երկու շինություն է վնասվել, Թեհրանում՝ մեկը», - X-ի պաշտոնական օգտահաշվում տեղեկացրել է գործակալությունը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X-ի իր էջում գրել է. - «Թեհրանի վրայով անցնում է տորնադոն։ Իշխանության խորհրդանիշները ռմբակոծվում և փլուզվում են՝ հեռարձակող մարմնից մինչև շուտով այլ թիրախներ, քանի որ բնակիչների զանգվածները փախչում են։ Ահա թե ինչպես են տապալվում բռնապետությունները»։
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Թեհրանում հարվածել են ցենտրիֆուգների արտադրության կայանին և զենքի գործարաններին, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:
Զինվորականները հայտնում են, որ ավելի քան 50 ինքնաթիռ մասնակցել է գիշերային գործողություններին, որոնք ներառում էին հարվածներ իրանական ցենտրիֆուգների արտադրության կայանին և մի քանի զենքի արտադրության օբյեկտներին։
Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ Թեհրանում գտնվող ցենտրիֆուգների արտադրության կայանն օգտագործվել է Իրանի կողմից՝ միջուկային զենք մշակելու նպատակով ուրանի հարստացման ծավալը և արագությունը ընդլայնելու համար։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարում է, որ Իսրայելն անտեսում է բոլոր միջազգայնորեն ընդունված կանոնակարգերը՝ զգուշացնելով, որ տարածաշրջանը կարող է երբեք կայուն խաղաղություն և անվտանգություն չտեսնել, եթե Իսրայելի ագրեսիան շարունակվի։
Երեքշաբթի օրը ԱՄԷ նախագահ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Փեզեշքիանն ասել է, որ սկզբից ինքը ձգտել է միասնության և համերաշխության՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանյան երկրների հետ համագործակցությամբ։
Այնուամենայնիվ, նա նշել է, որ Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությամբ Իսրայելի ռեժիմը փորձել է խոչընդոտել Իրանի խաղաղության ջանքերը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է՝ Իրանը ուղերձ է հղել Միացյալ Նահանգներին՝ նոր առաջադեմ հրթիռներով հարվածելով Իսրայելի թիրախներին, հայտնում է IRNA գործակալությունը։
ԻՀՊԿ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել չորեքշաբթի վաղ առավոտյան՝ նշելով, որ վերջին հարվածների ժամանակ օգտագործվել են «Ֆաթահ» հրթիռների առաջին սերնդի մոդելները, որոնք բազմիցս հաղթահարել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերը և «փոխանցել են Իրանի հզորության ուղերձը Թել Ավիվի պատերազմասեր դաշնակիցին, որն ապրում է պատրանքային ցանկությունների մեջ»։
«Այս գիշերվա հրթիռային հարվածը ցույց տվեց, որ մենք ամբողջությամբ վերահսկում ենք օկուպացված տարածքների օդային տարածքը, որոնց բնակիչները լիովին անպաշտպան են Իրանի հրթիռային հարվածների դեմ», - հայտարարել է ԻՀՊԿ-ն։
Նախօրեին ԱՄՆ նախագահը կտրուկ սրեց իր հռետորաբանությունը Իրանի գերագույն առաջնորդի հասցեին՝ սոցիալական ցանցում հայտարարելով, որ Ամերիկան գիտի՝ որտեղ է նա այժմ գտնվում, բայց «առայժմ» չի սպանի նրան։
Իրանի պետական հեռուստատեսությունը կոչ է արել ժողովրդին հեռացնել WhatsApp հաղորդագրությունների հարթակը իրենց հեռախոսներից՝ պնդելով, որ հավելվածը հավաքագրում է տեղեկություններ՝ Իսրայել ուղարկելու համար։ Հեռուստաընկերությունը որևէ կոնկրետ ապացույց, սակայն, չի ներկայացրել։
WhatsApp-ը այս պնդումները կեղծ է որակել և նշել՝ «մտահոգիչ է, որ դրանք մեր ծառայությունների արգելափակման պատրվակ կդառնան մի փուլում, երբ մարդիկ դրանց կարիքն ամենաշատն ունեն»։
Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփն այսօր Իրանի հարցով Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել:
ԱՄՆ նախագահն այսօր կտրուկ սրեց իր հռետորաբանությունը Իրանի գերագույն առաջնորդի հասցեին՝ սոցիալական ցանցում հայտարարելով, որ Ամերիկան գիտի՝ որտեղ է նա այժմ գտնվում, բայց «առայժմ» չի սպանի նրան։
«Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ է թաքնվում այսպես կոչված «Գերագույն առաջնորդը»։ Մենք չենք պատրաստվում նրան ոչնչացնել (սպանել), գոնե ոչ այժմ», - գրել է Թրամփը իր Truth Social հարթակում, հավելելով,- «Մենք չենք ուզում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա»։
Սպիտակ տան ղեկավարը միաժամանակ պնդել է, թե «մեր համբերությունը սպառվում է», մեկ այլ գրառմամբ էլ պահանջել, որ Իրանը առանց նախապայմանների «ՀԱՆՁՆՎԻ»
Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ պայթյուններ են լսվել Սպահանում, որտեղ տեղակայված են մի քանի միջուկային օբյեկտներ։
«Հակաօդային պաշտպանության համակարգերն ակտիվացել են», - հաղորդել է Mehr լրատվական գործակալությունը։