Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

18:12 25.8.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևում Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է հացահատիկի սևծովյան միջանցքի հարցը։ Հանդիպումից հետո Զելենսկին Telegram-ի իր ալիքում տեղեկացրել է, որ Ֆիդանի հետ «շատ կարևոր հարցեր» է քննարկել, մասնավորապես հացահատիկի մատակարման հարցը։

Կողմերը քննարկել են նաև Կիևի կողմից առաջ տարվող խաղաղության բանաձևը։

Սա Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում Ֆիդանի առաջին այցն է Ուկրաինա։ Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հացահատիկի գործարքի վերսկսումը կլինի Ուկրաինայի իշխանությունների հետ Ֆիդանի բանակցությունների հիմնական թեման։ Նույն թեման Թուրքիայի արտգործնախարարը նախատեսում է քննարկել Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ ներկայումս մշակվում է Թուրքիայի արտգործնախարարի այցը Ռուսաստան, սակայն, հացահատիկի գործարքի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվում։

10:27 25.8.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ այս գիշեր ուկրաինական բանակը փորձել է հարվածել Ղրիմին՝ ավելի քան չորս տասնյակ անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև հայտարարել է, որ Կալուգայի շրջանում ուկրաինական հրթիռ է խոցվել։

Ռուսական բազմաթիվ Տելեգրամ ալիքներ գիշերը հաղորդում էին Կալուգայի, Տուլայի և Մոսկվայի շրջանների երկնքում լսվող ձայների մասին, ենթադրելով, որ հակաօդային պաշտպանությունն է աշխատում անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ: Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները կրկին ժամանակավորապես փակվել էին:

Մոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները գործում են նորմալ ռեժիմով՝ ուրբաթ գիշեր ուժի մեջ մտած սահմանափակումներից հետո, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Գործակալությունը, ինչպես նախորդ օրերին, չի պարզաբանել, թե ինչի հետ են կապված եղել գիշերային սահմանափակումները՝ դրանք անվանելով թռիչքների անվտանգության ապահովում։ Նշված ժամանակահատվածում թռիչքների մի մասը ուղարկվել են այլ օդանավակայաններ, նշել է գործակալությունը։

10:25 25.8.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիր Պուտինը առաջին անգամ, արձագանքելով Պրիգոժինի օդանավի կործանմանը, ցավակցություն է հայտնել ու Պրիգոժինի մասին խոսել է անցյալ ժամանակով։

Տվերի շրջանում օդանավը կործանվել է չորեքշաբթի երեկոյան, 10 մարդ է զոհվել, մեկ օր անց՝ հիգշաբթի երեկոյան, Պուտինն ասել է․ - «Ինչ վերաբերում է այդ ավիաղետին, ապա առաջին հերթին ցանկանում եմ անկեղծ ցավակցության խոսքեր արտահայտել բոլոր զոհվածների ընտանիքներին։ Նախնական տվյալները վկայում են, որ այնտեղ գտնվել են «Վագներ» ընկերության աշխատակիցները, կցանկանայի նշել, որ այդ մարդիկ էական ներդում են ունեցել Ուկրաինայում նեոնացիստական ռեժիմի դեմ մեր ընդհանուր պայքարում։ Մենք դա հիշում ենք, գիտենք և չենք մոռանա»։

23:03 24.8.2023

Բռնակցված Ղրիմում` Մայակ գյուղի մոտ, այսօր մարտ է տեղի ունեցել ջրային նավերի և ավիացիայի մասնակցությամբ, լսվել են պայթյուններ:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հաստատել է մարտի մասին տեղեկությունը։

«Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ստորաբաժանումները հատուկ գործողության առաջադրանքներ են կատարել», - ասել է նա, մանրամասներ չի հայտնել, միայն հավելել է, թե ուկրաինական կողմն այդ մարտի ընթացքում զոհեր չի ունեցել։

Հրապարակված տեսանյութում, որն, ուկրաինական հետախույզների պնդմամբ, նկարահանվել է Ղրիմում, ուկրաինացի զինվորականներն ասում են. «Ուկրաինական Ղրիմում կրկին ծածանվում է պետական դրոշը, ուկրաինացիները Ղրիմի Ելենովկա և Մայակ բնակավայրերի տարածքում մարտի մեջ են մտել ռուսական ուժերի հետ»։

Ռուսաստանը տեղեկությունը պաշտոնապես չի մեկնաբանել։

Մայակ գյուղում տեղակայված է ռուսական 3-րդ ռադիոտեխնիկական գնդի հենակետը։ Ինչ էին անում այնտեղ Ուկրաինայի հատուկ ուժերի ներկայացուցիչները հայտնի չէ, երեկ ուկրաինական հետախուզությունը հայտնել էր, թե Ղրիմում ոչնչացվել է ռուսական C-400 համալիրը։

14:39 24.8.2023

Նորվեգիան որոշել է F-16 մարտական ինքնաթիռներ տրամադրել Ուկրաինային, այսօր այս մասին հաղորդել է նորվեգական TV2 հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները: Առայժմ չի նշվում, թե քանի ինքնաթիռ է տրամադրելու Նորվեգիան:

Այսօր ավելի վաղ Նորվեգիայի վարչապետը Կիև կատարած այցի ժամանակ ասել էր, որ Նորվեգիան հակաօդային հրթիռներ և ականազերծման սարքավորումներ կուղարկի Ուկրաինա և կօգնի պատերազմից տուժած երկրին ապահովել գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը։

14:36 24.8.2023

Ուկրաինայի նախագահը շնորհավորել է հայրենակիցներին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ «Ազատների, ուժեղների և արժանավորների օր: Հավասարների օր: Ուկրաինացի տղամարդիկ և կանայք: Մեր ամբողջ երկրում։ Այս պայքարում բոլորը կարևոր են: Որովհետև պայքարը բոլորի համար կարևորի համար է», - գրել է Վլադիմիր Զելենսկին X-ում (Twitter):

Ռուսական բանակը հինգշաբթի գիշերը հրթիռային հարձակում է իրականացրել Դնեպրի վրա։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ ավերվել է «տրանսպորտային օբյեկտ», 7 մարդ վիրավորվել է։

Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը X-ում գրել է, որ ռուսների արձակած մի քանի հրթիռներից մեկը խոցվել է։

Ըստ վարչակազմի ղեկավարի, վնասվել են մի քանի շենքեր, ջրատար և գազատարներ, ինչպես նաև մի քանի ավտոբուս և ավտոմեքենա։

Լիսակը չի հստակեցրել, թե որ տրանսպորտային օբյեկտին է հարված հասցվել։

14:33 24.8.2023

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս գիշեր Ռուսաստանի երկու շրջանների տարածքում երեք անօդաչու թռչող սարք են խոցել:

Հաղորդագրության համաձայն՝ երկու ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք են խոցել Բրյանսկի, ևս մեկը՝ Կալուգայի շրջանում։

Նախնական տեղեկություններով՝ ավերածություններ և վիրավորներ չկան։

17:01 23.8.2023

Այսօր Ուկրաինան նշում է Ազգային դրոշի օրը։ Կիևում՝ Մայր Ուկրաինա հուշարձանի մոտ, զինվորական արարողակարգով բարձրացվել է Ուկրաինայի դրոշը, որի վրա ստորագրել են զինվորներ, կամավորներ, բժիշկներ, փրկարարներ։

«Այսօր Ուկրաինայի սրտում մենք բարձրացնում ենք հատուկ դրոշ, որի վրա կան հատուկ բառեր և ստորագրություններ, որ թողել են մեր հատուկ մարդիկ՝ մեր մարտիկները, մեր պաշտպանները, մեր հերոսուհիներն ու հերոսները, որոնք պայքարում են ազատության համար»,- իր ելույթում ասել է Ուկրաինայի նախագահը։

«Դրոշը մեր հպարտությունն է։ Հպարտություն, որ զգում ենք, երբ այն բարձրացնում ենք, երբ նշում ենք մեր տոները, երբ հասնում ենք հաղթանակների, երբ վերադարձում ենք մեր հողերը։ Մեր դրոշը մեր վստահությունն է, վստահություն, որ այն միշտ գերակայելու է մեր ամբողջ ինքնիշխան տարածքում»,- ասել է Զելենսկին՝ խոսելով զինվորականների առաջ։

16:20 23.8.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը Մոսկվայից տեսակապով ելույթ է ունեցել BRICS-ի գագաթնաժողովում։ Նա Հարավաֆրիկյան Հանրապետություն չի մեկնել, որտեղ կարող էր ձերբակալվել՝ Միջազգային քրեական դատարանի որոշման համաձայն։

Դատարանը նրան ձերբակալելու օրդեր է տվել ուկրաինացի երեխաներին Ռուսաստան տարհանելու ռազմական հանցագործության համար։

Պուտինը իր ելույթում կրկնել է բազմիցս հայտնած դիրքորոշումը՝ Ուկրաինա ներխուժելու համար մեղադրելով Արևմուտքին ու Կիևին։

16:15 23.8.2023

Ռուսական «Ռիա Նովոստի» պետական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդում է, որ Օդատիեզերական պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնակատար է նշանակվել այդ ուժերի շտաբի պետ գեներալ Վիկտոր Աֆզալովը։

Նա փոխարինել է գեներալ Սերգեյ Սուրովիկինին, ով հունիսից ի վեր, «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի խռովությունից հետո, հանրությանը չի երևացել։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG